Ադրբեջանը նախազգուշացրել է Եվրասիայում ԱՄՆ-ի ազդեցության հնարավոր կորստի մասին. Washington Times
Ադրբեջանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրասենյակին Եվրասիայի նկատմամբ առավել հստակ երկարաժամկետ աշխարհաքաղաքական ռազմավարություն մշակել և նախազգուշացրել է այդ տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության հնարավոր կորստի մասին, գրում է The Washington Times-ը:
Թերթը հիշեցնում է, որ նախկին խորհրդային պետություն Ադրբեջանը մասնակցում է «Հարավային գազային միջանցք» ծրագրին:
«Դա գազային և նավթային միջանցք չէ, դա ազատության միջանցք է»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովը համաժողովի ժամանակ, որն անցկացրել է The Washington Times-ը:
Սեիդովը նաև ասել է, որ ռազմավարական տեսանկյունից ԱՄՆ-ն տարածաշրջանում «շատ ավելի քիչ ընկերներ ունի», քան նախկինում: «Ահա ինչու մենք կցանկանայինք տարածաշրջանին ուղղված ավելի շատ ուշադրություն տեսնել»,- ընդգծել է նա:
Իր հերթին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտնել է, որ առանց ընդհանուր ռազմավարության Վաշինգտոնը զուր ջանքեր է վատնում տարածաշրջանում ավելի քիչ նշանակալի խնդիրների լուծման ուղղությամբ: «Եթե դուք իմունիտետ չունեք, դուք հիվանդանում եք կարմրուկով կամ մեկ այլ բանով: Այդ ռազմավարական հեռանկարն իմունային համակարգն է: Եթե այն գոյություն չունի, առաջանում են բոլոր այդ փոքր հարցերը»,- նշել է Սուլեյմանովը:










