Իսլամիստներն ահաբեկչություններով են սպառնացել Բելգիային
Ֆլամանդական Het Laatste Nieuws օրաթերթը սպառնալիքներով անանուն նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Բելգիան թիրախ է համարում, այդ պատճառով այդ երկրում կարող է իրականացվել «պայթուցիկով ավտոմեքենայի օգտագործմամբ ահաբեկչություն», գրում է interfax.ru-ն:
Նամակը խմբագրություն է հասել նախօրեին, փոստով: Այն գրված է ֆրանսերենով և, մասնագետների կարծիքով, «ԻՊ-ին բնորոշ տրամաբանության մեջ»:
Նամակը հասցեագրված է Բելգիայի ժողովրդին, ֆլամանդացի ազգայնականների առաջնորդ Բարտ դե Վեյվերին և թագավոր Ֆիլիպին: Այն հղում է պարունակում անցած շաբաթ համացանցում ԻՊ-ի կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ ահաբեկչություններով են սպառնում Բելգիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին:
«Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, կկրկնվի Բելգիայում: ԻՊ-ը կգրավի Եվրոպան Բելգիայից սկսած, քանի որ դուք գործընթաց եք իրականացնում Sharia4Belgium-ի դեմ և բանտում եք պահում մի քանի մեր եղբայրների»,- ասված է նամակում:










