ՀՀ-ում 30-ից 60 տարեկան կանայք քաղցկեղի անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն

16:20 • 04.02.15

2015 թ. հունվարից մեկնարկել է  ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»  եռամյա ծրագիրը, որի  նպատակն է վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը: Ծրագրի մանրամասների մասին Tert.am-ը զրուցեց է ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի հետ:


-Պարո՛ն Զուլոյան, փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ինչպես գիտենք, Հայաստանում մեկնարկել է սքրինինգային հետազոտությունների լայնամասշտաբ ծրագիր, որում ընդգրկված է նաև արգանդի քաղցկեղի դեմ պայքարը: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:


- 30-ից 60 տարեկան բոլոր կանայք ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար հետազոտություն անցնել: Նրանք կարող են դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա կամ գյուղական ամբուլատորիա և անցնել «ՊԱՊ» քսուքի հետազոտություն: Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Խոսելով դարի չարիք համարվող հիվանդության՝ քաղցկեղի մասին, կցանկանայի նշել, որ դրա դեմ պայքարի լավագույն ձևը վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է, որը ընկած է նաև պետության կողմից իրականացվող այս մեծածավալ ծրագրի հիմքում:  Արգանդի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է, որը առավել հաճախ հայտնաբերվում է 35-ից 55 տարեկան կանանց շրջանում: Ոչ զարգացած երկրներում 60-80%-ի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման 3-րդ և 4-րդ փուլերում, երբ արդեն ցածր է բուժման արդյունավետությունը: Իրավիճակը գրեթե նույնն է մեր երկրում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի շուրջ 60%-ը գրանցվել է հիվանդության զարգացման 3-րդ և 4-րդ փուլերում:


-Հնարավո՞ր է արդյոք կրճատել քաղցկեղի այս տեսակի տարածումը։


-Ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենացածր տարածվածությունը Ֆինլանդիայում է` 1 դեպք 100 000 կին բնակչի հաշվով: Այս նվազագույն ցուցանիշը հաջողվել է ապահովել կազմակերպված սքրինինգային հետազոտություններ իրականացնելու շնորհիվ: Ֆինլանդիայի կանխարգելման փորձն աշխարհում ամենաարդյունավետներից է: Այդ փորձը ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել տարիքային այդ խմբի կանանց առնվազն 50%-ի հետազոտության անցկացում: Քաղցկեղին նախորդում են նախաքաղցկեղային փուլերը, որոնք սքրինինգների միջոցով հնարավոր է հայտնաբերել և ժամանակին բուժելով կանխել։ Փաստորեն, արգանդի պարանոցի քաղցկեղը միակ տեսակն է, որ լիովին կանխարգելելի է։ Ահա թե ինչու ենք կարևորում սքրինինգային ծրագիրը` նախատեսելով հետազոտել հանրապետության 30-ից 60 տարեկան կանանց առնվազն 50%-ին, ինչն անշուշտ, կտա իր դրական արդյունքները:


-Ինչու՞ նախկինում նման հետազոտություններ չեն իրականացվել:


- Նախկինում ևս իրականացվել են տարբեր տեսակի սքրինինգներ, բայց ոչ մեծածավալ: Դրանք ամբողջությամբ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ: Այս ծրագիրը նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ինչպես նաև բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը բուժհաստատություններում: Նշեմ, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015թ-ի հունվարից արդեն իրականացվող սքրինինգային հետազոտությունները ներառում են ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղի, այլև սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումը:


-Ի վերջո ի՞նչ  արդյունք եք ակնկալում ծրագրից:


-Աշխարհի զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպվող սքրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է 80%-ով նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունը: Ակնկալվում է ծրագրի իրականացման երրորդ տարվա վերջին ունենալ բնակչության ընդգրկվածության բարձր ցուցանիշ սքրինինգային հետազոտություններում:


-Վերջին՝  2012թ-ի հետազոտության տվյալներով` Հայաստանում ՊԱՊ թեստ անցած կանանց թիվը շուրջ 10% է: Ձեր կարծիքով ծրագրի միջոցով ցուցանիշը կբարելավվի՞: 


-Պետք է նշել, որ սքրինինգային հետազոտությունները լիովին անվճար են: Մենք հորդորում ենք մեր սիրելի կանանց, մայրերին և քույրերին անցնել հետազոտություն` հիշեցնելով, որ դիմողները հիվանդության առաջացման նախանշանները գուցե չեն նկատում, քանի որ հատուկ կլինիկական նախանշաններ չկան: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բուժհաստատությունները նույնպես շահագրգռված լինեն մարդկանց հետազոտության հարցում։ Բժիշկների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսված է նաև խրախուսական վարձատրություն՝ սահմանված շեմի նվազագույն սահմանի չափով մասնակցություն ապահովելու դեպքում։ Համոզված, որ ծրագրի արդյունավետությունը կարող է մեծ լինել, եթե այն  ստանա հանրային աջակցություն և բնակչության մասնակցության բարձր ցուցանիշ: Իսկ դրան հասնելու համար ծրագրի շրջանակներում արդեն հաջորդ ամսից կիրականացվեն հանրային իրազեկման միջոցառումներ: