Հունվարի սահմանային լարվածությունը Ադրբեջանի 2014թ. անհաջողությունների հետևանքն է. ՊՆ խորհրդական

12:54 • 04.02.15

2015թ-ի հունվարին սահմանային լարվածության արմատները գալիս են 2014թ-ից, որի ընթացքում հակառակորդն աննախադեպ չափով է խախտել հրադադարի ռեժիմը: Նման կարծիք այսօր լրագրողերի հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:


«Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանը, չկարողանալով շտկել հուլիս-օգոստոսին ունեցած արդյունքները, պլանավորեց անել հունվարին: Այսինքն՝ դրանք ուղղված էին նախորդ տարվա անհաջողություններին: Պարզ է, որ սա շանտաժի քաղաքականություն է և ռեվանշիստական նպատակներ ունի խնդրի լուծման հարցում: Նա չի ուզում որևէ բան զիջել ու ստանալ առավելագույնը: Դա բանակցային սեղանի շուրջ հնարավոր չէ»,-ասաց նա:


Գեղամ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը մեծ միջոցներ է ծախսում բանակի սպառազինման համար և փորձում է հավատացնել իր հասարակությանը, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը և նա կարող է լուծել հարցը ռազմական ճանապարհով:


«Եթե Ադրբեջանը շարունակի այս քաղաքականությունը, միշտ կարժանանա հակազդման: Հետագա լարումից խուսափելու միակ միջոցը նախագահների հանդիպումն է, որը ցանկանում են կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բայց պետք է նշել, որ Ալիևը միշտ սեղանից հեռանալուց հետո այլ վարքագիծ է ընդունում»,-ասաց նա:


Պաշտպանության նախարարի խորհրդականն ընդգծեց, որ առաջին գծի ստորաբաժանումները զգոն են ու կդիմագրավեն ցանկացած ոտնձգություն: