ԱԺ-ում ՎՊ հաշվետվության քննարկումը մեկնարկեց առանց Իշխան Զաքարյանի

13:57 • 04.02.15

Ազգային ժողովում սկսվել է Վերահսկիչ պալատի 2013թ.-ի հաշվետվությունը, սակայն այն ներկայացնում է ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչն առաջացրեց մի խումբ պատգամավորների վրդովմունքը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առարկեց և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պահանջեց հետաձգել հաշվետվությունը, մինչև անձամբ չներկայանա Իշխան Զաքարյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանում ավանդույթ է ձևավորվում, որ գերատեսչությունների ղեկավարները չեն գալիս հարցեր զեկուցելու և ուղարկում են այլ պաշտոնյաների. «Սահմանադրությունը հստակ ասում է, որ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը պարտավոր է ներկայացնել պալատի նախագահը, սակայն, եթե նախագահը չի կարող, ապա դա պարտավոր է անել նախագահի տեղակալը: Այսօր նույնիսկ տեղակալի մակարդակով ներկայացված չէ Վերահսկիչ պալատը: Սա արդեն դառնում է պրակտիկա: Նախարարներն էլ չեն գալիս, իրենց տեղակալներին կամ վարչության պետերին են ուղարկում: Այս հարցի քննարկումը մեկ տարի ուշացել է: Իշխան Զաքարյանն ի՞նչ իրավունք ունի այստեղ ներկա չլինել: Իր ամբողջ գործի անունն այստեղ հաշվետվություն տալն է: Թույլ տվեք կռահել, որ բավականին երկար ժամանակ Իշխան Զաքարյանն այս կողմերում չի երևում, որովհետև մեծ պրոբլեմներ ունի: Նա գիտի, որ կան հարցեր, որոնց պատասխանները նա չունի: Այդ հարցերի պատասխանները շատ լրջորեն առաջ են քաշելու իր գործունեությունը ՀՀ քրեական օրենսդրության հետ համապատասխան լինելու հարցը»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց դադարեցնել քննարկումը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նկատեց, որ Իշխան Զաքարյանը պետք է ներկա լինի, Զուրաբյանը հիշեցրեց խորհրդարանին, որ ժամանակին Իշխան Զաքարյանը լավ ավանդույթ էր ձևավորել՝ գալիս էր խորհրդարան, նույնիսկ խմբակցությունների հետ առանձին էր քննարկումներ իրականացնում, սակայն այդ ավանդույթն արդեն չի գործում:


Զաքարյանի բացակայությունից դժգոհեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով նույնպես առաջարկեց հետաձգել հաշվետվությունը, մինչև ՎՊ նախագահը գա:


Նրանց պահանջին միացավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։


Գալուստ Սահակյանն էլ արձագանքելով ասաց. «Իշխան Զաքարյանը չէր կարող իմանալ, թե խորհրդարանն ինչպիսի հարցադրումներ կարող էր ունենալ, որ մտածեր՝ իր հաշվետվությունը լինելո՞ւ է, թե չէր լինելու: Ես համամիտ չեմ հաշվետվությունը չլսելու կամ բոյկոտի վիճակ ստեղծելու հետ»։


Քննարկումը շարունակվեց Սեյրան Ավագյանի ներկայացմամբ: