Չեմ կարող գնահատել առանց փաստերի. արդարադատության նախարարը՝ Բերձորի դեպքերի մասին
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ Բերձորում տեղի ունեցած բռնությունների դեպքերի հարցով պետք է համապատասխան քննություն իրականացվի, և որոշակի պարզաբանումներից հետո միայն ինքը կարող է գնահատական տալ:
«Ես չեմ կարող գնահատել առանց փաստերի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Իսկ թե տարածված տեսանյութից չի կարող եզրակացնե՞լ, նախարար Մանուկյանն ասաց, թե ինքը տեսանյութով չի կարող գնահատական տալ:
Հաջորդ հարցին, թե դերասան Վարդան Պետրոսյանին հինգ տարով դատապարտելը և գողական աշխարհում Զապ մականունով հայտնի անձին ազատ արձակելն արդյոք չի խոսո՞ւմ արդարադատության համակարգի վիճակի մասին, Հովհաննես Մանուկյանը վստահեցրեց, թե դրանք շատ տաբեր հարցեր են:
«Դրանք բացարձակապես տարբեր հարթություններ են և հիմք ունեցող խնդիրներ են: Դրանք միմյանց հետ համեմատել չի կարելի»,-ասաց նա:










