ՀԱՊԿ-ն անվերապահ աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Է. Նալբանդյանն ընդունել է Ն. Բորդյուժային

18:26 • 04.02.15

Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:


Հանդիպմանը քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։

 


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ, վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։


Հանդիպմանն անդրադարձ է արվել գարնանը նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։