Փոխադարձ պատասխանատվություն պետք է կրենք մեկս մյուսի արժանապատվության հանդեպ. Ս. Օհանյանը՝ Բերձորի միջադեպի մասին

19:12 • 04.02.15

Այսօր Արցախը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ անընդհատ լարվածության պարտադրման շրջանակներում պարտավոր է ի վիճակի լինել ահազանգելու ցանկացած ոտնձգության, որը իրականացվում է հակառակորդի կողմից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Բերձորում գրանցված միջադեպին:«Լարվածություն կա, որը առաջին գծում է, որի վրա սևեռված է մեր ուշադրությունը: Եվ ասել, թե ինչու է գնում հասարակական կազմակերպությունը ներքին լարվածություն ստեղծելու՝ չափազանց դժվար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սեյրան Օհանյանը:

 

Նախարարը նշեց, որ դատապարտելի են այն երևույթները, որոնք ուղղված են մարդու իրավունքների դեմ՝ համապատասխան ուժի կիրառմամբ, հատկապես, երբ այն ազատամարտիկի դեմ է ուղղված: «Բայց, միևնույն ժամանակ, իրենք պետք է հասկանան՝ արդյո՞ք պետք է գնալ, արդյո՞ք պետք է հավելյալ լարվածություն ստեղծել: Մենք մեկս մյուսի արժանապատվության հանդեպ փոխադարձ պատասխանատվություն պետք է կրենք, արժեքները պետք է պահպանենք»,- նշեց Սեյրան Օհանյանը:

 

Անդադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե «մուտիլովշիկների» մուտքն Արցախ արգելված է, Սեյրան Օհանյանն ասաց, թե ցանկացած քաղաքացու մուտքը Արցախ թույլատրելի է, պարզապես բոլորը պետք է հասկանան՝ ինչ իրավիճակում է գտնվում Ղարաբաղը: «Մարդիկ պիտի հասկանան՝ ինչ իրավիճակում են Արցախը, Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Արժի՞, օրինակ, Տավուշի մարզում քաղաքական խառնաշփոթ ստեղծել: Գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար»,- շեշտեց  նախարարը:

 

Խոսելով մամուլում տեղ գտած տեղեկություններին մասին, թե Սեյրան Օհանյանն անձամբ այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ու նրան երկու անգամ հորդորել՝ դադարեցնել ավտոերթը դեպի Ղարաբաղ՝ պաշտպանության նախարարը պատասխանեց, թե ինքը մշատապես հանդիպել ու հանդիպում է ազատամարտիկներին: «Մենք խոսում ենք համագործակցության մասին, ճիշտ որոշումներ ընդունելու, ճիշտ ուղղորդումների մասին, որպեսզի նման սխալներ չլինեն»,- ընդգծեց նա: