Ֆրանսիայի դեսպանը չմեկնաբանեց Էրդողանի կողմից 102 երկրների ղեկավարների ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելու փաստը

13:33 • 04.02.15

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը զերծ է մնում մեկնաբանելուց, թե ինչպես է գնահատում  ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանական միջոցառումներին 102 երկրների ղեկավարներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերը մեկնաբանելուց:


Փոխարենը նա նշեց, որ հստակ է, որ այդ օրը Ֆրանսուա Օլանդը ներկա է  լինելու Ծիծեռնակաբերդում:


«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան երկիր է և որոշում է, թե ինչ ամսաթվի, տարեթվի  կամ հիշատակման  արարողություն պետք է կազմակերպի»,- ասաց դեսպանը:


Նույն գնահատականը նա հնչեցրեց  հրավիրված անձանց ցուցակի վերաբերյալ՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր երկիրն ինքն է որոշում՝ ում  հրավիրել իր կազմակերպած միջոցառմանը:


«Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում»,-ասաց դեսպանը:


Նա այս հարցի համատեքստում խորհուրդ տվեց այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կայք և ծանոթանալ իր երկրի նախագահի ելույթին, որտեղ արտացոլված են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մասին ֆրանսիական կողմի դիրքորոշումները: