Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը, եթե ՌԴ-ն հրաժարվի Ասադից. New York Times

10:25 • 04.02.15

Սաուդյան Արաբիան կարող է կրճատել նավթի արդյունահանումը, ինչը, հավանաբար, կհանգեցնի դրա համաշխարհային գների բարձրացման, եթե ՌԴ իշխանությունները հրաժարվեն Բաշար ալ Ասադի ղեկավարությամբ սիրիական կառավարության հետագա աջակցությունից, գրում է ria.ru-ն: Այդ մասին New York Times թերթին հայտնել են սաուդյան և ամերիկյան պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ:

 

Պաշտոնյաների խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ հարցի շուրջ մի շարք բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ, սակայն «նշանակալի առաջընթաց» չի գրանցվել: Սաուդյան պաշտոնյաները հայտնել են իրենց ամերիկացի գործընկերներին, որ իրենք ունեն ՌԴ-ի վրա ճնշման լծակներ նավթամատակարարումը նվազեցնելու հնարավորությունների հաշվին, ինչը, հավանաբար, կբերի «սև ոսկու» գների աճի:

 

Ընդ որում, ինչպես ընդգծում է թերթը, սաուդյան պաշտոնյաները չեն հայտնել, թե ինչ կերպ են Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում կապել նավթի արդյունահանման հարցը սիրիական խնդրի լուծման և Մոսկվայի կողմից Դամասկոսի աջակցության հետ: