Ռազմական ինստիտուտի միջադեպից առաջ կուրսանտները ալկոհոլ են օգտագործել. Սեյրան Օհանյան

18:10 • 04.02.15

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցը վերաբերում էր օրեր առաջ Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքին, ինչին ի պատասխան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ծառայողական քննությունը պարզել է ռազմական ինստիտուտի կողմից մի շարք բացթողումներ:

 

«Խոսքը մի ցավալի երևույթի մասին է, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտում, երբ սպորտհրապարակում գտել էին Հայկազ Բարսեղյանի դին՝ կախված վիճակում, իրականության մեջ փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են. իրականում տեղի է ունեցել սպանություն, փաստի շուրջ հարուցվել է քրեական գործ»,- նշեց նա:

 

Նախարարը շեշտեց, որ քրգործի շրջանակներում պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել դեպքը։

 

«Դեպքին նախորդել են ոգելից խմիչքների օգտագործման փաստը, այնուհետև վիճաբանություն, որը եղել է զինվորական էթիկայի պահպանման հարցերի շուրջ՝ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև, որին նա նկատողություն է արել, որ պետք է էթիկայի նորմերը պահի սնվելու ժամանակ, վիճաբանության ժամանակ մի քանի էպիզոդներով գիշերվա պահին տեղի է ունեցել ծեծկռտուք, որը հետագայում վեր է ածվել ավելի խիստ միջոցների ձեռնարկման և ապա սպանության»,- ասաց նախարարը:


Ըստ նրա՝ քրեական գործի շրջանակում չորս հոգի ձերբակալված են, կան նաև ստորաբաժանման հրամանատարներ, որոնք պետք է վերահսկեին իրավիճակը, սակայն պատշաճ կերպով չեն վերահսկել որպես պատասխանատու, ուստի ծառայողական քննության արդյունքում բացահայտվել են մի շարք բացթողումներ:

 

«Գաղափարադաստիարակչական աշխատանքների, ուսումնադաստիարակչական աշխատանքների բաղթողումներ, հրամանատարների կողմից վերահսկողական մեխանիզմների բացթողում»,-ասաց նախարարը:


Արձագանքելով՝ Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե արդյոք կադրային փոփոխություններ լինելու են, թե ոչ և հնարավոր է նոր տեխնոլոգիաներ օգտագործել, որպեսզի «վերահսկելու հետ կապված հույսները չդնեն մի հերթապահի վրա, որը երեքից հետո քնել է»:


Նախարարը պատասխանեց, որ ինստիտուտի տնօրենն ազատվել է պաշտոնից, դեռ երեք տեղակալներ և մոտ երեսուն աշխատակից կազատվեն. ընդ որում՝ ոմանք ԶՈւ-ից առհասարակ, մյուսները՝ ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն ավելի ցածր ստորաբաժանումների:

 

Նախարարը նաև շեշտեց, որ միջանձնային հարաբերությունների խախտման դեպքերով պատահարները ԶՈւ-ում 2014-ին 2013-ի համեմատ նվազել են 50%-ով: