ՀՀԿ-ն ո´չ հրավեր է ստացել, ո´չ էլ գնալու նպատակ ունի. Շարմազանովը` ԲՀԿ-ի խորհրդաժողովի մասին

20:48 • 04.02.15

Բնականաբար` ԲՀԿ առաջնորդն ունի իր քաղաքական օրակարգը, մենք դա չենք մեկնաբանում: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցի, թե ինչպես են վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդաժողով հրավիրելուն:

 

«ՀՀԿ-ն ո´չ հրավեր է ստացել, ո´չ էլ գնալու նպատակ ունի: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը, ՀՀԿ-ն՝ իր»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե հրավեր ստացե՞լ են, թե՞ ոչ:

 

Շարմազանովը շեշտեց, թե իրենք հարգանքով են վերաբերում ցանկացած քաղաքակիրթ միջոցառման, որն արվում է Հայաստանի ապագայի համար: «Անկախ նրանից՝ մենք այնտեղ հնչող ելույթներին համամի՞տ ենք, թե՞ ոչ: Եթե նման միջոցառումներն օրինական հունով են ընթանում, մենք դրան դրական ենք վերաբերում, ժողովրդավարությունը բազմակարծություն է»,-նկատեց ԱԺ փոխնախագահը: