ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Է. Նալբանդյանին՝ Փարիզի քայլերթին մասնակցելու համար
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան Ֆրանսու Շարպանտիեն իր երախտիքն է հայտնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Ֆրանսիայում «Շառլի էբդո» օրաթերթի ահաբեկչությունից ու դրան հետևած իրադարձություններից հետո խոսքի ազատությանն ու այլ ժողովրդավարական համընդհանուր արժեքներին նվիրված համերաշխության քայլերթին մասնակցելու համար:
Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ժան Ֆրանսուա Շարպանիտեն:
«Այդ երթին մասնակցելու նպատակով հրավիրված պետական ղեկավարների ու պաշտոնատար անձանց թվում Հայաստանը ներկայացված էր արտգործնախարարի մակարդակով։ Իմ երախտիքն եմ հայտնում ինչպես անձամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, այնպես էլ ՀՀ դիվանագիտական կորպուսի այն ներկայացուցիչներին, ովքեր չզլացան իրենց ցավակցությունները հայտնել արդեն այստեղ՝ Հայաստանում»,-ասաց Շարպանտիեն՝ անդրադառնալով 2015-ին աշխարհը ցնցած «Շառլի էբդոյի» ողբերգությանը և դրան հետևած մյուս իրադարձություններին:
«Եթե գիտեք, իմ երկրորդ մամուլի ասուլիսն է, որն անցկացնում եմ։ Առաջինը տեղի ունեցավ հավատարմագրերս Նախագահ Սարգսյանին հանձնելուց անմիջապես հետո: Երեք ամիսների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, ի թիվս այլոց, Փարիզում տեղի ունեցած ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց ուշի ուշով հետևել ենք»,-ասաց դեսպանը և շարունակեց. «Այդ տմարդի ահաբեկությունների թիրախ ընտրված էր ոչ միայն Ֆրանսիան, այլ կարծիք հայտնելու ազատությունները, որոնք մեզ համար շատ ու շատ թանկ են»:










