Հայտնի է Թայվանում տեղի ունեցած ավիավթարի պատճառը
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում վթարված TransAsia Airways ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն վթարից րոպեներ առաջ հաղորդել էր շարժիչի խափանման մասին և տագնապի ազդանշաններ էր տալիս: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը`USA Today-ին հղումով, այս մասին հաղորդել են Թայվանի քաղավիացիայի վարչությունից:
Հաղորդվում է նաև, որ այս պահի դրությամբ ավիավթարի զոհերի թիվը 23 է:
Հիշեցնենք, որ ATR 72 օդանավը, որը օդ էր բարձրացել Taipei Songshan Airport օդանավակայանից և ուղևորվում էր Ցզինմեն արշիպելագ, բախվել է կամրջին և ընկել Ցզիլուն գետը: Օդանավում 53 ուղևոր է գտնվել և անձնակազմի 5 անդամ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ ինքնաթիռում դեռևս 20 մարդ է գտնվում, որոնց ճակատագիրն անհայտ է:
Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել «սև արկղերը», որոնց վերծանումը կսկսվի չորեքշաբթի երեկոյան:
Վթարի հետաքննության գործում իր օգնությունն է առաջարկել Չինաստանը, ինչի մասին հայտարարել է Չինաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը:












