Քաղաքացիները դժգոհում են երթուղիների փոփոխություններից, քաղաքապետարանից արձագանքում են

21:55 • 04.02.15

Tert.am-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհում են, որ հասարակական տրանսպորտի ուղեգծերում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ստիպված են լինում տեղ հասնելու համար երկու տրանսպորտ փոխել՝ նախկին մեկի փոխարեն:

 

Մասնավորապես՝ Աէրացիայից Աբովյան պուրակ հասնելու համար նախկինում օգտվում էին  թիվ 15 երթուղուց, հիմա դրա բացակայության պատճառով ստիպված են օգտվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայինից, գործող թիվ 54 երթուղին էլ երկարացվել է, և սկզբնակետից մի քանի կանգառ հետո արդեն նստելու տեղ չի լինում: Բնակիչներն ասում են, որ առավոտյան ժամերին հատկապես ուսանողները ստիպված են երկու երթուղային տաքսի փոխել՝ Աբովյան փողոց հասնելու համար:

 

Հարցին, թե ինչի՞ համար են կատարվել այդ փոփոխությունները, երբ դրանք առաջացնում են քաղաքացիների դժգոհությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից պատասխանեցին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում ուղևորա¬հոսքի նվազմամբ պայմանավորված՝ իրականացվել են մի շարք երթուղիների ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ, որի շրջանակներում դադարեցվել է ավտոբու¬սային թիվ 15 երթուղու աշխատանքը։

 

«Ուղևորները կարող են օգտվել ավտոբուսային թիվ 15 երթուղուն զուգահեռ գործող, Աէրացիա-Աբովյան պուրակ ուղեգծով միկրոավտոբուսային թիվ 65 երթուղուց»,-պատասխանեցին քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից:

 

Ինչ վերաբերում է ավտոբուսային թիվ 54 երթուղուն, ապա քաղաքապետարանից արձագանքեցին, որ առաջիկայում նախա¬տեսվում է ավելացնել երթուղում շարժակազմի քանակը, ինչը կնպաստի ուղևորների սպասարկման վիճակի բարելավմանը։

 

Ի դեպ, Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքն այս թեմայով արդեն նամակով դիմել է Երևանի քաղաքապետին, հարցով՝ երևանցուն  ի՞նչ օգուտ երթուղիների այդ փոփոխությունից:
Անահիտ Բախշյանն ասաց, որ պատասխանը ստանալուն պես այն կհրապարակի: