Երևանի 2014 թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

09:54 • 04.02.15

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու  հարցը:


Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հաշվետվության նախագիծը ընդգծել է, որ այն կազմվել է բացառապես գործող օրենսդրությանը համապատասխան: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Այնուհետ քաղաքապետի տեղակալը պատասխանել է  խորհրդի անդամների հարցերին:


Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները քվեարկությամբ հաստատել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը: