Բակո Սահակյանը ԵՊՀ ուսանողների հետ քննարկել է Արցախի պետականաշինությանը վերաբերող հարցեր

16:56 • 05.02.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Երևանի և Արցախի պետական համալսարանների միջև փոխգործակցության դրական դինամիկան ակնհայտ է` թե գիտակրթական, թե ուսանողների կապերի ու շփումների ամրապնդման տեսանկյունից, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում Արցախի կրթական համակարգի զարգացման վրա:


Արծարծվել են նաև Արցախի պետականաշինության գործընթացին, արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:


Երկրի ղեկավարը կարևոր է համարել  Հայաստանի մայր բուհի տեղն ու դերը որակյալ մասնագետների պատրաստման, ժողովրդի գիտակրթական ներուժի զարգացման և ավանդույթների պահպանման գործում՝ պահանջված համարելով նրանց պարբերական այցելություններն Արցախի Հանրապետություն:


Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: