Գյումրու քաղաքապետը հանդիպել է ռուսական 102-րդ բազայի ներկայացուցիչների հետ

13:41 • 05.02.15

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հերթական հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել  Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ։


Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի  հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ:


Հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ  քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ:


Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում  զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային  քարտեզին: Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել:


Ռուսական կողմը ներկայացրեց  ներքին կարգապահական ուժեղացված  վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր  ևս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած խնդրի  ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում»: