Պերմյակովը Չիտայում վեց անգամ փախել է զորամասից. LifeNews
Ռուսաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների տվյալներով՝ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից: Սակայն, չնայած բազմաթիվ կարգապահական խախտումներին, զորամասի հրամանատարը երաշխավորել է զորակոչիկի տեղափոխումը Գյումրիի զորամաս, գրում է LifeNews-ը:
«Պաշտոնապես զորամասից հեռանալու մասին գրառում է արվել ընդամենը մեկ անգամ, դրանից հետո Պերմյակովին տեղափոխել են բուժման` հոգեբուժական բաժանմունք: Այնտեղ նա խոստովանել է բժիշկներին, որ չի ցանկացել ծառայել»,- LifeNews-ին պատմել է աղբյուրը:
Չիտայում զորամասի ղեկավարությունը հաստատել է Պերմյակովի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստը՝ նշելով, որ նա փախել է միայն մեկ անգամ:
«Փաստաթղթերում մեզ մոտ նշված է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին, այդ ժամանակ նա փախել է զորամասից և բացակայել է ավելի քան մեկ օր: Մյուս դեպքերի մասին մենք տեղյակ չենք»,- ասել է զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը:
Ավելի վաղ LifeNews-ը հայտնել է, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու դեմ, ով զորակոչել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչպես նաև` զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:










