ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեում քննարկվել է Հայաստանի 1-ին պարբերականի զեկույցը

12:07 • 05.02.15

Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվեց Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։


Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Ոստիկանության միջազգային համագործակցության, ինչպես նաև իրավաբանական վարչության ներկայացուցիչները:


Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցի հիմնական տարրերը, ինչպես նաև Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ Հայաստանում իրականացված և նախատեսվող միջոցառումները:


Զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` մասնավորապես ներկայացնելով քննարկվող առարկայի շուրջ ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները:


Զեկույցի վերաբերյալ կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը տեղի կունենա ս/թ. փետրվարի 11-ին: