Բերձորի միջադեպի ժամանակ պատճառվել է մոտ 35 000 դոլարի վնաս. «Հիմնադիր խորհրդարան»
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին այդպես էլ այսօր թույլ չտրվեց «Հանրապետության» հրապարակ բերել հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում վնասված մեքենաները, սակայն նրանք հավաքվեցին դրոշներով ու բացօթյա ասուլիս անցկացրին:
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին, ի դեպ վերջինիս նաև ծեծել են: Ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայկ Գևորգյանն արդեն բաց է թողնվել:
Այնուհետև Վարուժան Ավետիսյանը կոչով դիմեց Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայրենակիցներին՝ ֆինանսապես աջակցելու հունվարի 31-ին տուժածներին:
«2015 հունվարի 31-ին, երևանյան ռեժիմը և նրանց ստեփանակերտյան մասնաճյուղը, ոստիկանական հատուկ նշանակության ուժերի և խաժամուժի միջոցով լայնամասշտաբ ահաբեկչական գործողություն իրականացրին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանները Արցախի ու Սյունիքի սահմանին արգելեցին ավտոների մուտքը Արցախ, այնուհետև չնայած նրան, որ մասնակիցները ենթարկվեցին արգելքի պահանջին, ոստիկանները մահակներով ու քարերով ծեծեցին նրանց, ջարդուփշուր արեցին մեքենաները: Ռեժիմի կազմակերպած ահաբեկչության հետևանքով վնասվել է 20 ավտոմեքենա և խլվել ու ոչնչացվել է շարժման լրատվական կենտրոնի 3 տեսախցիկ»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ վնասի ընդհանուր չափը կազմում է մոտ 35 հազ. ԱՄՆ դոլար, իսկ վնասված մեքենաների սեփականատերերի հիմնական մասը համեստ սոցիալական դիրք ունեցող մարդիկ են, ուստի իրենց ուժերով չեն կարող վերականգնել վնասը, իսկ շարժումն էլ կարիք ունի օր առաջ զինվելու նոր տեսախցիկներով:
««Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը կոչ է անում ֆինանսական աջակցություն ցուցաբերել հունվարի 31-ի ահաբեկության հետևանքով կրած վնասները փոխհատուցելու և նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով: Էլ չեմ խոսում խլված հեռախոսների, դրամական միջոցների, անձնական իրերի մասին, սա էլ արդեն վկայում է նրանց մանրախնդրության մասին»,- ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ հունվարի 31-ին վնասված մեքենաները գտնվում են իրենց գրասենյակի դիմաց:










