Գնդակը իշխանությունների դաշտում է, բայց քայլերն անսահման չեն. Գագիկ Ծառուկյան

12:43 • 05.02.15

Ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի ընթացքում այսօր հանդես գալով բացման խոսքով, խորհրդաժողովի կազմակերպիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե կոչ է անում չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում:


«Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և խոշոր հանրահավաք՝ Երևանում»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով, թե իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէ, ինչը ամենակարևորն է արտակարգ իրավիճակների դեպքում:


Գագիկ Ծառուկյանը իշխանություններին կոչ արեց զգոն լինել: «Երկրում հաստատված է անպատասխանատվության մթնոլորտ, ինչը քաղաքացիներին հուսախաբ է անում: Պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ, ոչ մի քաղաքական ուժ չպետք է մենաշնորհ դիրք ունենա»,- նշեց նա։


Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ պետք է վերանա քաղաքական մենաշնորհ, քանի որ այն Հայաստանին ոչ մի լավ բանի չի բերում: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում պետք է լինի բազմակուսակցական խորհրդարան:


«Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում, բայց քայլերն անսահման չեն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը: