ԱԺ նախագահը տեղյակ չէր, որ պատգամավորի առաջարկն ընդունվել է
Մի շարք նախագծերին զուգահեռ ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննությունների մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Հայ ազգային կոնգրես»-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
«Ես առաջարկ էի ներկայացրել, քվեարկելուց առաջ ուզում եմ հստակ տեղեկանալ՝ ընդունվե՞լ է, թե ոչ»,-ասաց նա: Տեղից բացականչեցին, թե ընդունվել է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Ըստ երևույթին ընդունվել է, խմբակցության ղեկավարն է ասում»: ԱԺ նախագահի պատասխանը դահլիճում բուռն ծիծաղի առիթ դարձավ:
Սահակյանը շարունակեց. «Հարցադրումը պետք է խորհրդարանին չանեք, դուք նախապես պետք է տեղեկանայիք՝ ընդունվել է, թե ոչ»:
Վարման կարգով ձայն խնդրեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։ «Պարո՛ն Բագրատյան, երեկ նախարարը ներկայացրեց, թե ինչ առաջարկություններ են եղել, որից մեկի հեղինակը դուք եք, երեքից մեկն ամբողջովին ընդունվել է, իսկ երկու առաջարկություններն արդեն լուծված էին և ընդգծված նախագծում»,-ասաց նա:
«Այ, դրա համար շատ լավ կլինի, որ նիստերին մասնակցեք»,-խորհուրդ տվեց ԱԺ նախագահը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 79 կողմ, 0 դեմ և 17 ձեռնպահ քվեարկությամբ:










