Գուցե «Շահութահարկի մասին» նոր օրենքը արտահանման ոլորտում նոր մենաշնորհի համար է. պատգամավորների մտահոգությունը

15:39 • 05.02.15

«Շահութահարկի մասին » օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող Գարեգին Նուշիկյանին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու է նախագիծը հրատապության ռեժիմով ԱԺ բերվել: «Գուցե կա՞ գաղտնի հասցեատեր»,- հարցրեց նա:


Նշենք, որ նախագծով առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս շահութահարկ, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում եկամուտ ստանալու իրավունք չեն ունենա:


Նուշիկյանը նշեց, թե հրատապության հարցին Կառավարությանը պետք է հարցնել: «Ուղղակի սա հնարավորություն է՝ դաշտ ստեղծել ներդրողների համար»,- ասաց նա ու համաձայնեց պատգամավորի մտավախության հետ, որ մոնոպոլ դաշտի ռիսկ կա:


«Խնդրել ենք, որ այսօր գործող արտահանողների ծավալները Կառավարությունը ներկայացնի, որպեսզի հետևություններ անենք, և գտնենք ճիշտ միջոցներ»,- ասաց նա:


ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե ԱԺ հանձնաժողովում նախագծի արտահանման, խրախուսման կառավարման մոտեցումների մասին քննարկում  և առաջարկ եղել է: Մինասյանը հայտարարեց, թե օրենքի նախագիծն ուղղակիորեն առնչվում է  Հայաստանում մրցակցության վիճակին:  «Եթե մեկ-երկու կազմակերպություն է պետք՝ նշանակում է, որ շուկան մոնոպոլիզացվում է»,- ասաց նա և բերեց պանրի օրինակը:


«Մի քանի տարի առաջ նման ծրագիր եղավ պանրի արտադրման ուղղությամբ, ինչը բերեց ՀՀ-ի ներսում պանրի գնաճի: Արդյոք չպե՞տք է սկսել արտադրողի ներսից, նոր դուրս գալու հարցը դնենք»,- հարցրեց նա:


Գարեգին Նուշիկյանը նկատեց, թե արտահանման խթանումը շատ գլոբալ ծրագիր է, չնայած որ խոստովանեց՝  հանձնաժողովի նիստի ժամանակ չի քննարկվել այդ հարցը, բայց ընդհանուր առմամբ, եղել են  կարծիքներ:


«Քննարկվել է, որ պետք է մոտեցում ցուցաբերվի արտահանմանը, մնացած բոլոր հարցերն այստեղ ուղղակի հնարավորություններ են»,- ասաց նա և համաձայնեց, թե ձեր մտահոգությունները տեղին են ամեն ինչ էլ կարող է լինել:


«Պարո՛ն Մինասյան, կարծում եմ Կառավարության կողմից պետք է սահմանել այնպիսի չափանիշներ, որ բոլոր մտահոգող հարցերին կարողանանք պատասխանել»,- նշեց հիմնական զեկուցողը: