Որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. երկրի ՆԳՆ
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի կառավարության նիստից առաջ, գրում է Грузия Online-ը:
«Տեղեկություն կա, որ որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը: Բայց մենք թույլ չենք տա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»,- նշել է նախարարը:
Ավելի ուշ Գոմելաուրին հստակեցրել է, որ նա նկատի չուներ «Միացյալ ազգային շարժմանը»:
«Գոյություն ունեն տարբեր ուժեր, ես դրանք չեմ հստակեցնի: Պետք չէ մտածել կուսակցությունների մասին: Կան ուժեր, որոնք ցանկանում են զանգվածային անկարգություններ հրահրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ներկայում չկա այնպիսի տեղեկություն, որը կպահանջեր հատուկ գործողության անցկացում:
«Մենք անցկացնում ենք կանխարգելիչ միջոցառումներ: Եթե պլանավորված լինի որևէ մասշտաբային բան և մենք այդ մասին տեղեկություն ստանանք, հասարակությունը կիմանա այդ մասին: Դեռ ոչինչ տեղի չի ունենում: Իհարկե, իրավիճակը հսկողության տակ է, և մենք ձեռնարկում ենք կանխարգելիչ միջոցառումներ»,- հայտարարել է Գոմելաուրին:










