Սաակաշվիլիի համախոհն Ուկրաինայի արդարադատության փոխնախարար է նշանակվել

09:30 • 05.02.15

Վրաստանում նախկին իշխանությունների օրոք կարևոր պաշտոններ զբաղեցրած Գիա Գեցաձեն Ուկրաինայի արդարադատության փոխնախարար է նշանակվել, տեղեկացնում է Взгляд-ը:

 

 «Գեցաձե Գիային նշանակել Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է Ուկրաինայի կառավարության կայքում տեղադրված հրամանագրում:

 

Այն մասին, որ Գեցաձեն հնարավոր է այդ պաշտոնին նշանակվի, հունվարին հայտարարել էր նախարար Պավել Պետրենկոն: Նրա խոսքով՝ Գեցաձեն ու նրա թիմի անդամները համապատասխան փաստաթղթեր են հանձնել ուկրաինական քաղաքացիություն ստանալու համար:

 

Այդ ժամանակ Պետրենկոն հաղորդել էր, որ Գեցաձեն համակարգելու է հակակոռուպցիոն քաղաքականության հարցերը:

 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ նշանակման մասին սոցցանցերում հաղորդել էր հունվարի կեսերին՝ Գեցաձեին անվանելով  իր «ընկերը, համախոհը, մերձավոր խորհրդատուն»:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել էր երկրի կառավարության կազմում օտարերկրացիների նշանակումը: