Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվեց. Azatutyun.am
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ այսօր շուրջ հինգ ժամ քննելով ուշ երեկոյան բավարարել է Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, դատական նիստի ընթացքում Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրա համար կանչվել էր շտապ օգնություն:
Հիշեցնենք, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությունը` զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 188-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով), 38 (Հանցակիցների տեսակները), 205-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:










