Պաշտոնաթող նախագահին գրասենյակ պետք է տրամադրվի ցկյանս, իսկ կենսաթոշակը կազմի գործող նախագահի աշխատավարձի 80%-ը
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է նախատեսվում իրականացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում:
Ինչպես այսօր գործադիրի նիստին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, օրենքի նախագիծը մշակվել է հանրապետության Նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ, իսկ պատճառը՝ հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի լրանալն է:
«Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտոնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին, բայց կյանքը այնպիսին է, որ մարդը յոթանասուն տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաև որոշակի երաշխիքներ: Առաջին հերթին խոսքը գրասենյակին է վերաբերվում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչև յոթանասուն տարեկան լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ցկյանս»,- ասաց նա:
Փոփոխություն է նախատեսվում նախագահին տրամադրվող կենսաթոշակի սահմանման հարցում:
«Պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը պետք է գործող նախագահի աշխատավարձի ութսուն տոկոսը կազմի: Սա առանձնահատուկ պաշտոն է և անհրաժեշտություն կա հատուկ երաշխիքներ սահմանել: Օրենքը պետք է ճանաչվի անհետաձգելի»,- ասաց նա:
Ի դեպ, ՀՀ պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:










