Մենք պետք է չմոռանանք Հայաստանի տառապանքները. բրիտանացի հոգևորականը կոչ է անում ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
«Հայաստանն ամենից շատ նահատակներն է ունեցել, քան որևէ այլ վայր` հաշվի առնելով այն փաստը, որ ցեղասպանության զոհերն սպանվել են Հավատի հանդեպ ատելությամբ: Մենք պետք է չմոռանանք Հայաստանի տառապանքները», - ասել է բրիտանացի կաթոլիկ քահանա, աստվածաբանության դոկտոր Ալեքսանդր Լյուսի-Սմիթը Catholic Herald բրիտանական պարբերականին տված հարցազրույցում:
Horizon Weekly շաբաթաթերթը մեջբերում է հրապարակված հոդվածը, որում ասվում է.
«Ծիսական առումով փետրվարի սկիզը լավ ժամանակ է: Սուրբ Ծնունդից 40 օր անց՝ երկուշաբթի, մենք տոնեցինք Տեառնընդառաջը, իսկ երեշաբթի՝ Սբ. Բարսեղի տոնը:
Սբ. Բարսեղն այն սրբերից է, որոնց մասին շատ քիչ բան է հայտնի: Բարսեղը եպիսկոպոս էր ու նահատակ, որն ապրել է ներկայիս Թուրքիայի Սիվաս քաղաքում, որը այն օրերին Հայաստանի տարածքում էր գտնվում և կոչվում էր Սեբաստիա:
Ժամանակին Հայաստանր շատ ավելի մեծ տարածք էր զբաղեցնում, քան այսօր զբաղեցնում է նախկին խորհրդային երկիրը: Այժմ Սիվաս քաղաքը գտնվում է ժամանակակից Թուրքիայի կենտրոնում, սակայն 100 տարի առաջ այն ծաղկուն քաղաք էր, որտեղ հայ և հույն քրիստոնյաներ էին բնակվում: Բայց եկավ ճակատագրական օրը` 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Օսմանյան կայսրությունն սկսեց ձերբակալել և տեղահանել անհիշելի ժամանակներից Անատոլիայում ապրող հայերին: Ձերբակալությունների, տեղահանման, կոտորածների և բնաջնջման կազմակերպված ծրագրին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ:
Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է ամբողջ աշխարհում, բայց՝ ոչ Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում, որը Թուրքիայի հետ հարաբերությունները չվտանգելու համար խուսափում է «ցեղասպանություն» բառը հիշատակելուց:
Հարկ է հիշել Հայոց ցեղասպանության մասին Ադոլֆ Հիտլերի խոսքերը, որոնք ասել է 1939-ին.
«Մեր ուժը մեր արագությունն է և դաժանությունը: Չինգիզ խանը թեթև ու ուրախ սրտով կոտորել տվեց միլիոնավոր կանանց ու երեխաների: Այսօր պատմությունը նրան դիտում է որպես մի հզոր պետության հիմնադրի: Ես կարևորություն չեմ տալիս այն բանին, թե թույլ Արևմտյան Եվրոպան ինչ կասի իմ մասին: Ես հրաման եմ արձակել և կգնդակահարեմ բոլոր նրանց, ովքեր մի քննադատական խոսք արտաբերեն` հայտնելով, որ պատերազմի վերջնական նպատակը ո'չ թե որոշակի սահմաններ հաստատելն է, այլ՝ թշնամու ֆիզիկական բնաջնջումը: Միայն այս միջոցով է, որ մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ տարածքները: Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Իսկապես, ո՞վ: Այդ է պատճառը, որ մենք պիտի խոսենք և այս ապրիլին հիշենք Հայաստանի մասին»:










