Պենտագոնի 2008-ի ուսումնասիրության համաձայն` Պուտինն Ասպերգերի համախտանիշ ունի (լուսանկարներ)
Պենտագոնի 2008-ին իրականացրած ուսումնասիրության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ասպերգերի համախտանիշ ունի, որը երբեմն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև, գրում է USA TODAY-ը:
Պուտինի «նյարդաբանական զարգացումը զգալիորեն ընդհատվել է մանկության տարիներին», գրել է Նյուպորտի Ռազմածովային քոլեջի շարժման օրինաչափության վերլուծաբան-մասնագետ Բրենդա Քոնորսը:
Քոնորսը, ուսումնասիրելով Պուտինի շարժումները և քայլվածքը, եզրակացրել է, որ ՌԴ նախագահը նյարդաբանական տեսանելի խանգարում ունի:
USA TODAY-ի թղթակիցները ձեռք են բերել Պենտագոնի 2008-ի և 2011-ի ուսումնասիրությունները Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա ներկայացված պահանջից հետո և այդ մասին հրապարակել լրատվական առցանց կայքում:
Քոնորը մի շարք գործընկերների հետ, ովքեր մասնագիտանում են նյարդաբանության, հոգեբանության և աուտիզմի գծով բժշկության մեջ, չեն կարողացել ապացուցել իրենց կողմից ներկայացված Ասպերգերի համախտանիշի տեսությունը, քանի որ չեն կարողացել սքանավորել Պուտինի գլխուղեղը:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Ստեֆեն Պորգսը ևս աշխատել է ուսումնասիրության վրա, որտեղ մեջբերվում է նրա եզրակացությունը, որ Պուտինը միանշանակ ունի աուտիզմի որևէ տեսակ:
Ռազմական նշանակության նախագծերի պայմանագրերի գրառումների համաձայն` Քոնորսի գլխավորած ուսումնասիրության համար Պենտագոնը տրամադրել է 365 000 դոլար:
Ասպերգերի համախտանիշով հիվանդներ հազվադեպ են հանդիպում և կողքից դիտողի համար` նման չեն մտավոր հետամնացների: Նրանք ունենում են նորմալ, կամ բարձր մտավոր կարողություն, սակայն ոչ ստանդարտ կամ թույլ զարգացած սոցիալական ունակություններ: Այդ պատճառով էլ, հաճախ նրանց էմոցիոնալ և սոցիալական աճը և ինտեգրացիան տեղի է ունենում սովորականից ավելի ուշ:
Ասպերգերի համախտանիշի դեպքում հանդիպող սոցիալական խանգարումներն ավելի թույլ են, քան մտավոր ցածր զարգացմամբ աուտիզմի ժամանակ: Խանգարման հիմնաքարերից է էգոցենտրիզմը և իրենց հասակակիցների հետ համագործակցելու ունակության կամ ցանկության բացակայությունը:
Ասպերգերի համախտանիշով տառապողները չունեն սոցիալական փոխազդեցության ենթատեքստը տեսնելու կամ զգալու ունակություն, որի պատճառով նրանք կարող են, օրինակ, վիրավորել շրջապատին բառերով, չնայած որ չէին էլ պատրաստվում ոչ-ոքի վիրավորել, պարզապես նրանք չեն զգում տվյալ իրավիճակում թույլատրելի սահմանը: Հաճախ նրանք չեն կարողանում հաղորդել իրենց հուզական վիճակը:
















