Իշխանությունները բռնազավթելու ավանդույթը ձևավորվել է 1996-ի նախագահական ընտրություններում. Ռուբեն Հակոբյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթ ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կազմակերպված ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին, ասաց, թե գործող իշխանության նկատմամբ հասարակության կողմից ձևավորված անվստահության մթնոլորտը պայմանավորված է ընտրություն առ ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով իշխանության բռնազավթման հետ:
«2013-ի նախագահական ընտրությունները եկան մեկ անգամ ևս ապացուցելու, որ ժողովրդի ձայնը գողանալով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը լավագույնս շարունակվում է օրվա իշխանությունների կողմից»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը՝ միաժամանակ ընդգծելով. «Բայց եթե նշում ենք, որ 2008 և 2013 թվականների նախագահական ընտրությունները կեղծվել են, ինչը բացարձակ ճշմարտություն է, ապա պետք է անկեղծ և արդար լինենք ավելացնելու համար, որ ընտրողի ձայները գողանալու միջոցով իշխանությունները բռնազավթելու ավանդույթը ձևավորվել է 1996 թվականի նախագահական ընտրություններում, ինչն անընդմեջ կատարելագործվել է հաջորդ ընտրությունների ժամանակ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, թե կդժվարանա վկայակոչել մեկ այլ պետություն, որտեղ օրվա իշխանությունը կեղծիքների և բռնությունների միջոցով թույլ չի տվել հաղթած թեկնածուին անցնել իր պարտականությունների կատարմանը:










