Չինացին 6-ամյա թոռնուհուն 1 ամսից ավելի մոռացել է սպա-սրահում
Սիյաո անունով 6 տարեկան չինացի աղջիկը ստիպված է 1 ամսից ավելի ապրել սպա-սրահում, որտեղ փոքրիկին մոռացել է նրա պապը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Կունմին քաղաքում: Պապն իր թոռնուհու հետ գնացել է սպա-սրահ ու որոշել մի շարք պրոցեդուրաներ ընդունել:
Ծառայություններից օգտվելուց հետո տղամարդը հայտնաբերել է, որ դրամապանակը տանն է մոռացել ու գնացել է գումարի հետևից՝ ի պահ թողնելով թոռնուհուն: Նա խոստացել է մի քանի ժամից վերադառնալ երեխայի հետևից, սակայն ստել է:
Հասկանալով, որ պապը հետ չի գալու՝ հաստատության աշխատողները փոքրիկ աղջկա համար քնելու տեղ են պատրաստել, ինչպես նաև հեռուստացույց են տվել ու նրա համար նոր իրեր ու սնունդ գնել:
Երբ այս դեպքի մասին հաղորդել են ԶԼՄ-ները, քաղաքի բնակիչները պահանջել են, որպեսզի սոցիալական ծառայությունները միջամտեն գործին ու գտնեն երեխայի պապին: Սակայն ներկայում Սիյաոն շարունակում է ապրել սպա-սրահում, քանի որ նրա պապին դեռևս չեն գտել:










