Արտաշատի թատրոնը հանդես կգա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բեմադրությամբ

10:51 • 05.02.15

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես կգա նոր ներկայացմամբ, որը կբեմադրի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը:


«Արմենպրես»-ին թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն ասել է, որ գարնանը սպասվում է ևս մեկ նոր ներկայացում` Շիրվանզադեի «Պատվի համարը»:


Սայադյանի խոսքով, որպես մարզային մշակութային օջախ, այսօր Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Պարբերաբար թարմացվում և հարստացվում է թատրոնի խաղացանկը, յուրաքանչյուր տարի ներկայացվում է 3-4 պրեմիերա: Նախորդ տարի բեմադրել են Պարույր Սևակի «Բարի երազը ձեզ, սիրելիներ» քնարական ֆանտազիան, Կլոդ Մանիեի «Օսկար» և Գրիգոր Զոհրապի «Կյանքն ինչպես որ է» նովելների հիման վրա ստեղծված բեմադրությունները: Նոյեմբերին նշվել է նաև թատրոնի երեք երախտավորների` ՀՀ վաստակավոր ար տիստ Բագրատ Գևրոգյանի` 60, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Գալստյանի` 75 և դերասանուհի Անահիտ Բադալյանի 50-ամյա հոբելյանները:


2013 թվականին հանդիսատեսի դատին են հանձնվել Շարլ Պերոյի «Մոխրոտը», Սուրեն Մուրադյանի «Սիրավեճ ապահարզանից հետո» ներկայացումները:


«Մենք աշխատում ենք հիմնականում դպրոցականների համար, և մեր նպատակն է այս եղանակով «պատրաստելն»  է մեր վաղվա հանդիսատեսին, բեմական արվեստի նկատմամբ հարգանք և հետաքրքրություն սերմանելը»,-ասաց նա` հավելելով, որ նոր բեմադրությունների ընտրության հարցում մեծ դեր են խաղում նաև խորհրդակցությունները դպրոցների տնօրենների, հայ և ռուս գրականության ուսուցիչների հետ:


2014 թվականի ընթացքում թատրոնի կոլեկտիվն արդեն խաղացել է յոթ անուն բեմադրություն` ավելի քան 70 ներկայացմամբ: Թատրոնը ողջ տարվա ընթացքում ընդունել է շուրջ 15 հազար հանդիսատես:

 

Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շնորհիվ կենտրոնական ջեռուցման համակարգի, գործում է շուրջտարյա: Խոսելով հիմնախնդիրների մասին` Սայադյանն ընդգծեց, որ 82-ամյա թատրոնում այսօր  ֆիզիկապես ու բարոյապես մաշված են ձայնալուսային սարքավորումները: Դրանք արդեն ծառայել են մի քանի տասնյակ տարի:


«Այնուամենայնիվ, մենք մեկ օր անգամ չենք դադարեցնում փորձերը, աշխատում ենք եղած հնարավորությունները լավագույնս օգտագործել», - ասաց նա:


Անդրադառնալով շենքային պայմաններին` թատրոնի տնօրենը նշեց, որ դրանք այնքան էլ վատ չեն` չնայած վեր ջին վերանորոգումը կատարվել է վաղուց:

Նախորդ տարիներին հանդես էին գալիս նաև հյուրախաղերով հանրապետության տարբեր մարզերում, ԼՂՀ-ում, բայց այսօր նման շրջագայությունների համար ֆինանսավորում չի հատկացվում, թատրոնը չունի նաև սեփական տրանսպորտային միջոցներ: