ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Տոմսկից մոտ 2 կգ վառոդ տեղափոխել

16:17 • 05.02.15

Ռուսաստանի Տոմսկի շրջանի մաքսային ծառայությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ, որը փորձել է ինքնաթիռի ուղեբեռով մոտ 2 կգ վառոդ տեղափոխել: Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են մամուլի ծառայությունից:

 

«Տոմսկի մաքսատան աշխատակիցները ՌԴ ՆԳՆ-ի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ Հայաստանի քաղաքացին, որը թռիչք կատարելիս է եղել Տոմսկից Մոսկվայով Երևան, փորձել է ուղեբեռում 6 տարա վառոդ տեղափոխել, որոնցից 5-ի վրա գրված է եղել «Անծուխ փոշի», իսկ մեկի վրա՝ «ծխով փոշի»»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ տարաներում ավելի քան 1.7 կգ նյութ է եղել: Ապրանքն առգրավվել է, հարուցվել է քրեական գործ՝ մաքսանենգության մեղադրանքով: Հոդվածը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ մինչև մեկ մլն ռուբլի տուգանքով: