Յալթայում կտեղադրվի Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հուշարձանը

13:33 • 05.02.15

Յալթայում, որտեղ անցկացվում են հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից գերտերությունների ղեկավարների համաժողովի 70-ամյակին նվիրված միջոցառումներ, փետրվարի 5-ին, ինչպես և սպասվում է, կկայանա Զուրաբ Ծերեթելիի հեղինակած հուշարձանի պաշտոնական բացումը։ Հուշարձանը նվիրված է «մեծ եռյակի» երկրների առաջնորդներին՝ Իոսիֆ Ստալին, Ուինսթոն Չերչիլ և Ֆրանկլին Ռուզվելտ, գրում է Корреспондент-ը։

 

Ղրիմի թաթարների մեջլիսում հուշարձանի տեղադրումը «Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում» անվանել են սրբապղծություն։

 

«Ղրիմի թաթարների վերաբերմունքը Ստալինին շատ լավ հայտնի է։ Եթե հուշարձանը, այնուամենայնիվ, տեղադրեն, դա կլինի Ղրիմի հիշատակի և մեր ժողովրդի հանդեպ վերաբերմունքի ցուցադրություն։ Իշխանությունները պետք է գիտակցեն, որ անմիջական պատասխանատվություն են կրում այդ հուշարձանի տեղադրման հետևանքների համար։ Դա սրբապղծություն է»,- ասվում է Ղրիմի թաթարների մեջլիսի հայտարարությունում։