Հայերի մոտ ծեծը մնում է հարց լուծելու միջոց. Ահարոն Ադիբեկյան
Պատանեկության, դեռահասության տարիքը համարվում է ագրեսիվության տարիք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` անդրադառնալով Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքին: Նա նշեց, որ այս դեպքը բավականին ցնցող է, և այն իր հոգեբանական բացատրությունն ունի մի քանի տեսանկյունից:
«Պատանիների մտածողությունը բավականին ծայրահեղական է: Երկրորդ հանգամանքը տղայական միջավայրն է, որը ևս նպաստում է ագրեսիվությանը, ինչպես նաև բանակային վիճակը ևս արգեսիվության հանգամանք է ստեղծում»,-ասաց նա և նշեց, որ տղայական ագրեսիվությունն ինքնահաստատման հիմնական ձևն է: Նա նշեց, որ ամենակարևոր գործոններից մեկն անպատժելիությունն է:
«Խմածությունն ամեն ինչ կարող է սրել, սակայն խմածների խմբում մեկ-երկուսը միշտ խուսափում են ծայրահեղ գործողություններից և ավելի սթափ են լինում»,-ասաց նա:
Նա կարևոր համարեց դաստիարակության գործոնը և տղա դաստիարակելու սխալ տարբերակ համարեց երեխային դրդել՝ ամեն ինչ անել, իսկ հետո ասել՝ «ես տեր եմ»։
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ հարցումների համաձայն՝ հասարակության 40 տոկոսը դաստիարակչական մեթոդներից մեկը համարում է ծեծը, իսկ օրինակ՝ մեր հայրենակիցները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, ասում են, որ չեն կարողանում դաստիարակել երեխաներին, որովհետև բռնությունն այնտեղ արգելված է:
«Մեզ մոտ բռնությունը մնում է ընտանիքում, պետությունում, բավական մեծ տեղ է գրավում բիզնեսի ոլորտում և ամենավատը՝ քաղաքական միջպետական հարաբերություններում ներազդեցիկ կարևոր ուժ է համարվում»,-ասաց նա և նշեց, որ եթե մենք այդ դաստիարակչական համակարգը չփոխենք պետության միջոցով, դա կշարունակի մնալ այդպես:
«Հայերի մոտ ծեծը մնում է հարց լուծելու միջոց»,-ասաց նա:
Ի դեպ, հոգեբանն ասաց, որ հոգեկան հիվանդությունը սպանության հարցում արդարացում չէ, և հազվադեպ դեպքերում է նրանց բնորոշ ագրեսիվությունը:










