Հալեպում հրթիռակոծության հետևանքով դարձյալ հայի բնակարան է վնասվել

13:28 • 06.02.15

Վերջին օրերին դարձյալ լարվել է իրավիճակը Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում:

 

Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, երեկ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Թելեֆոն Հաուայի շրջանը, ինչի հետևանքով վնասվել է հայի պատկանող բնակարան:

 

Արձակված հրթիռի պատճառով քանդվել է բնակարանի մի մասը, վնասվել են նաև հարակից բնակարանները:

 

Բարեբախտաբար` մարդկային կորուստներ չկան:

 

Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել նաև նախորդ օրը՝ Թիլել թաղամասում:

 

Վերջին շրջանում նույն թաղամասում նմանատիպ միջադեպերը հաճախակի են դարձել: Հունվարին զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մոտ, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, գրանցվել են վիրավորներ, վնասվել են շրջանում գտնվող շենքերը՝ բնակարաններ, խանութներ ու ավտոմեքենաներ: