Չեմ ընդունում, որ «Հիմնադիր խորհրդարանի» քաղաքական նպատակները կապվեն Ցեղասպանության 100-ամյակի հետ. Ա. Ռուստամյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ Բերձորի միջադեպին՝ նշելով թե ՀՅԴ-ն արդեն իսկ դատապարտել է կատարված բռնությունը, որը համաչափ չի եղել:
«Նախ պետք է իշխանություններն ու բոլորս էլ, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունները, ընդունենք, որ անկախ պետություն է Ղարաբաղը, եկեք օյիններ չանենք, մենք ընդունել ենք դա: Կամ ընդունում ենք, որ կա այդպիսի անկախ պետություն, կամ՝ ոչ»,- ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ յուրաքանչյուր երկրում էլ կմերժեն, որ այլ երկրի քաղաքացիներ երթ անեն իրենց երկրում: «Ես նպատակները չեմ ընդունում «Հիմնադիր խորհրդարանի», որ քաղաքական նպատակները կապվեն Ցեղասպանության 100-ամյակի հետ. մենք մեր մեջ կռիվ սկսե՞նք այդ օրերին, փոխանակ 100-ամյակի հետ կապված միասնական լինենք ու դրանով ուրախացնե՞նք մեր թշնամիների, այլ ձև չկա՞»,- հարցրեց նա:
Ռուստամյանը նաև անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությանը, ով հաշվետվությանը չներկայացավ ԱԺ: Ըստ Ռուստամյանի՝ դա արվեց ԱԺ կանոնակարգի խախտմամբ: «Նման դեպքերը պետք է բացառենք, պետք է ամեն ինչ կատարվի օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասաց նա:










