Աթենքում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ցույց է անցկացվել հաջակցություն կառավարության
Աթենքի կենտրոնում՝ խորհրդարանի հարևանությամբ գտնվող Սինտագմա հրապարակում, բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Գերմանիայի քաղաքականության։ Ցույցի մասին հայտարարությունը տարածվել է սոցկայքերի միջոցով, գրում է РИА Новости-ն։
«Մեր գնահատականով՝ հավաքվել է 5.000-5.500 մարդ»,- նշել է ոստիկանության հերթապահ աշխատակիցներից մեկը։
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ բազմահազարանոց ցույց է անցկացվել հաջակցություն կառավարության։ «ՍԻՐԻԶԱ»-ի հաղթանակից հետո Անհայտ զինվորի հուշարձանի դիմացից հեռացվել են մետաղական ցանկապատերը, որոնք տեղադրվել էին, որպեսզի ցուցարարները խորհրդարանին մոտ չգան։ Ակցիան խաղաղ է ընթացել։
Ցույցի գլխավոր կարգախոսներն են եղել՝ «Մենք չենք ենթարկվի շանտաժի։ Մենք չենք վախենում։ Մենք չենք նահանջի։ Մենք կհաղթենք»։
Կազմակերպիչները կոչ են անում ակցիաներ անցկացնել հունական բոլոր քաղաքների կենտրոնական հրապարակներում։
«Ծնկի իջած Հունաստանի և ենթարկվող կառավարությունների ժամանակաշրջանն ավարտվել է, մենք աջակցում ենք մեր կառավարության կոշտ դիրքորոշմանը։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունը Եվրոպայի այն բոլոր ժողովուրդներին, որոնք Հունաստանից սպասում են արժանապատվության դրսևորում և խնայողության կոշտ քաղաքականության դադարեցում»,- ասվում է կազմակերպիչների հայտարարությունում։
Հույները պահանջում են Գերմանիայից վերադարձնել, այսպես կոչված, շրջափակման վարկը և փոխհատուցել շրջափակման վնասը։










