Բալեյի զինկոմը պնդում է, որ Պերմյակովն առողջ էր. azatutyun.am
«Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով:
«Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանեց․«Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:
Զինկոմիսարը հավելեց, որ իրենց քաղաքի բոլոր երիտասարդների պես Պերմյակովն էլ 14 տարեկանից զինկոմիսարիատում ենթարկվել է բուժզննման, և «եթե ինչ-որ բան այնպես չլիներ», հավանաբար կհայտնաբերեին:
Երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղվեցին տեղեկությամբ, թե Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը մինչև բանակ զորակոչվելը բուժում է անցել հոգեբուժարանում և նրա մոտ ախտորոշվել է օլիգոֆրենիա, բայց, չնայած դրան, Բալեյ քաղաքի զինկոմիսարիատը նրան զորակոչել է:
Հաղորդվում էր նաև, որ Ռուսաստանի զինդատախազությունը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմ Լոգինովսկուն, այնպես էլ 21250 զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովին, որտեղ ծառայել էր Պերմյակովը մինչև Գյումրի տեղափոխվելը:










