Հնդկաստանում ձերբակալվել են Charlie Hebdo-ից ծաղրանկարներ վերատպած թերթավաճառները
Մումբայում ձերբակալվել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարները վերատպած տեղական թերթերի վաճառողները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times of India-ին:
Ոստիկանությունը կալանավորել է 60-ամյա Շարիֆ Շաիկհին և նրա 18-ամյա որդուն: Երկուսն էլ արդեն գրավի դիմաց ազատ են արձակվել: Նրանք մեղադրվում են կրոնական զգացմունքները վիրավորող գործողություններ կատարելու համար:
Մումբայում վաճառողները հավանաբար շուտով ստիպված կլինեն անհնարին գործով զբաղվել՝ նայել և ստուգել իրենց վաճառած յուրաքանչյուր թերթի և ամսագրի յուրաքանչյուր էջը, գրված է հոդվածում:
Մուհամեդ մարգարեին պատկերող Charlie Hebdo-ի ծաղրանկարները վերատպել է Avadhnama պարբերականը:
Ոստիկանությունում առկա աղբյուրները նշել են, որ ի սկզբանե իրավապահ մարմինները չեն ցանկացել թերթավաճառների դեմ բողոքը գրանցել, բայց գնացել են այդ քայլին հարցի կրոնական բնույթի պատճառով:










