ԵՏՄ երկրներում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներին թույլատվություն պետք չէ. Գագիկ Եգանյան

13:35 • 06.02.15

2015թ. հունվարի 2-ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ:


Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ ներկայացնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգն ու պայմանները:


Վերջինիս հաղորդմամբ՝ ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր:


«Ընդ որում՝ որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք»,- ասաց Եգանյանը:


Ծառայության պետը նշեց նաև, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով:


Ասուլիսի ընթացքում Գագիկ Եգանյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: «Աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները միգրացիոն քարտի «այցի նպատակը» տողում պետք է պարտադիր նշեն «աշխատանք» բառը: Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետը»,- հայտարարեց Եգանյանը:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում միգրանտներից պահանջվող փաստաթղթերին, Գագիկ Եգանյանը նշեց, որ պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր, թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր, ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:


Գագիկ Եգանյանը հաղորդեց նաև, որ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց՝ պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում: «Սա անհամեմատ ավելի դյուրին է, քան նոր պատենտ հանելը, այլ տուրքեր մուծելը և այլն»,- ասաց Եգանյանը: