«Իսլամական պետությունը» Հայաստանին ուղղակիորեն չի սպառնում. արաբագետ

11:41 • 06.02.15

Արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ տարին բուռն է սկսվել և բավականին սթափեցնող միջադեպեր են  տեղի ունեցել՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության հետ: Նա նշեց, որ  նրանք այս տարի արդեն երեք պատանդի հասցրել են գլխատել, իսկ ռազմական գործողություններն ակտիվ են ընթանում:


«Կառույցի գործունեությունից տուժեցինք հայերս՝ ունենալով նյութական կորուստ»,- ասաց նա և հիշեցրեց, որ տարվա սկզբին Մոսուլի հայկական եկեղեցիներից մեկն այրվեց:


Արաբագետն անդրադարձավ մեր եկեղեցիների, մշակութային հարստությունների կորստին և նշեց, որ այդ ամենը «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության շրջանակներում է:


«Հայաստանին ուղղակիորեն այդ կառույցից սպառնալիք չկա, այն կարող է սպառնալիք հանդիսանալ այն պետությունների համար, որտեղ ունի գաղափարակիրներ հետևորդներ»,-ասաց նա:


Արմեն Պետրոսյանը նկատեց, որ «Իսլամական պետություն» կառույցը  Սիրիայի և Իրաքի սահմաններում բավականին մեծ տարածություն է զբաղեցնում և եթե ընդլայնում արձանագրի, ապա դա կլինի Սիրիայում: