Հորդանանը, ի պատասխան իր օդաչուի ողջակիզման, օդային հարձակում է իրականացրել ԻՊ-ի դիրքերի վրա
Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նասեր Ջոդան հայտարարել է, որ իր երկրի օդուժը Սիրիայի տարածքում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է vz.ru-ն, Ջոդան հավելել է, որ Հորդանանը հետապնդելու է ահաբեկիչներին իր ունեցած բոլոր միջոցներով:
Հորդանանյան բանակի հրամանատարությունը մանրամասնել է, որ ավիահարձակմանը մասնակցել են տասնյակ կործանիչներ: Ռմբակոծման թիրախում են եղել գրոհայինների ռազմական պահեստներն ու մարզական ճամբարները:
Այսպիսով` Հորդանանի իշխանությունները սկսել են պատասխան քայլեր ձեռնարկել ԻՊ-ի կողմից իրենց օդաչուի դաժան սպանությանը:
Օրերս համացանցում հայտնված սարսափելի տեսանյութում ԻՊ-ի ահաբեկիչները ողջ-ողջ այրում են իրենց մոտ գերի ընկած հորդանանցի 26-ամյա օդաչուին:











