«Իսլամական պետությունն» ԱՄՆ-ի ստեղծածն է. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համարել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ստեղծածը, որոնք թաքնված պատերազմ են հայտարարել իսլամի դեմ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Կադիրովը գրել է սոցցանցի իր էջում՝ մեկնաբանելով «Սուֆիզմ. Մարդու անվտանգությունն ու պետությունների կայունությունը» ժողովածուի շնորհանդեսը, որը հիմնված է իսլամական միջազգային համաժողովի նյութերի վրա:
Նրա խոսքով՝ «վահաբիները» գնում են շեյթանի (սատանայի) ուղով:
«Նրանք իսլամից վերցնում են միայն այն, ինչ ցանկանում են, իսկ Իսլամն Ալլահի խոսքն է, և դրանք մասերի բաժանել չի կարելի: Զեկույցները վկայում են, որ ԻՊ-ը նաև նպատակ ունի իսլամը ներսից մասնատել և աշխարհին պարտադրել հրաժարվել իսլամից: Նրանց դաժանությունները, գնդակահարությունները, մարդկանց խարույկի վրա այրելն ուղիղ շարունակությունն են այն բանի, ինչ արել են մարդասպանները Մարգարեի թոռան ու արդարների հետ: ԻՊ-ն ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների ստեղծածն է, որոնք թաքնված պատերազմ են հայտարարել Իսլամի դեմ»,- ընդգծել է Ռամզան Կադիրովը:
Իսլամական միջազգային համաժողովը, որը կրել է «Սուֆիզմ. Մարդու անվտանգությունն ու պետությունների կայունությունը» խորագիրը, տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին՝ Գրոզնիում:










