Պուտինը Մերկելին և Օլանդին Ուկրաինայի համար «աբխազական պլան» կառաջարկի. New York Times

14:23 • 06.02.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի Մոսկվա այցելող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Ուկրաինայում նոր «Աբխազիայի» ճանապարհային քարտեզ առաջարկել, գրում է The New York Times-ը:

 

Ինչպես նշում է թերթը, արևմտյան առաջնորդներն ուժեղացնում են համատեղ դիվանագիտական ջանքերը, որպեսզի վերջ դնեն ուկրաինական ճգնաժամին, որը հանգեցրել է Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը:

 

Թերթն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների պլանների մասին հայտնի է դարձել, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կիև, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը պատրաստվել է Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը: Թերթը նաև նշում է, որ ակտիվացած դիվանագիտական ջանքերը տեղի են ունենում ԱՄՆ-ում Կիևին հնարավոր ռազմական օգնություն տրամադրելու շուրջ քննարկումների ֆոնին:

 

Հոդվածում նաև ասվում է, որ Արևմուտքը չի վստահում Ուկրաինայի հարցում Մոսկվայի նպատակներին և որ այդ անվստահությունը հիմնված է Ուկրաինայի արևելքում Կրեմլի ենթադրվող դերի մասին պնդումների վրա:

 

Որոշ բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաներ ենթադրում են, որ Պուտինը ցանկանում է փոխարինել Մինսկի համաձայնությունը նոր պայմանավորվածություններով, որոնք ընդլայնում են Կրեմլի ազդեցությունն Ուկրաինայի վրա: «Դա խաղաղ ծրագիր չէ»,- թերթը մեջբերում է դիվանագետի խոսքերը, ում անունը չի նշվում:

 

«Դա Ուկրաինայում նոր Մերձդնեստր կամ Աբխազիա ստեղծելու ճանապարհային քարտեզ է»,- պնդում է նա: