Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու` ՀՀ ԱԳ նախարարի հանձնառությունը. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ հաղորդագրությունն ուղեկցելով Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից լուսանկարով:
«Լավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը քննարկելու համար: Մենք ողջունում ենք նրա` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 5-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։











