Խաղաղությունն Ուկրաինայում չի կարող «միակողմանի» լինել. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինայի արևելքում ճգնաժամի ռազմական լուծման կողմնակից չէ, սակայն կարծում է, որ հակամարտությունն այս շրջանում չի կարող ավարտվել «միակողմանի կարգավորմամբ», փոխանցում է Deutsche Welle-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ ժամանակներս կորոշի՝ Կիևին զինամթերք տրամադրել անջատողականների դեմ պայքարի համար, թե ոչ։ Այդ մասին Քերին ասել է փետրվարի 5-ին Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ բանակցություններից հետո։
Միաժամանակ Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնը նախընտրում է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։
«Նախագահ Պուտինը կարող է ընտրություն անել, որը կկարողանա դադարեցնել պատերազմը»,- ասել է Քերին՝ նշելով, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ պլանին, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կներկայացնեն Պուտինին փետրվարի 6-ին Մոսկվայում։
Իր հերթին Յացենյուկը կրկին կոչ է արել Արևմուտքին զինամթերք մատակարարել իր երկրին։ «Ուկրաինային խաղաղություն է պետք, սակայն մենք պետք է բարձրացնենք մեր բանակի մարտունակությունը։ Մենք երբեք չենք դիտարկի այն տարբերակները, որոնք խախտում են տարածքային ամբողջականությունը և երկրի եվրոպական ապագան»,- ասել է վարչապետը։










