Թուրքիայի հետախուզության պետը հրաժարական է տվել
Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանը հրաժարական է տվել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական որոշ լրատվամիջոցներ Հաքան Ֆիդանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «գաղտնիքների արկղ» բնութագրումն են տալիս: Նշվում է նաև, որ նախագահ Էրդողանը դժվարությամբ է համաձայնել, որ նա հրաժարական տա:
Ենթադրվում է, որ հետախուզության պետի հրաժարականը պայմանավորված է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշմամբ:
Ֆիդանը Թուրքիայի հետախուզության պետի պաշտոնում նշանակվել է 2010 թվականի մայիսի 25-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 31 կուսակցություն: Ենթադրվում է, որ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ հրաժարականների թիվն ավելանալու է, քանի որ համաձայն երկրի օրենսդրության` թեկնածուները նախընտրական շրջանում չեն կարող պաշտոնավարել:










