«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունը թուրքական իշխանության՝ Չանաքքալեի միջոցառման համատեքստում է. մտավորականներ
Գրող Ռազմիկ Դավոյանը «Հիմնադիր խորհրդարանի» մտադրությունը՝ օգտագործել Ծիծեռնակաբերդ բարձրացողների ուժը սեփական քաղաքական օրակարգը իրացնելու համար, անբարոյականություն է որակում: Հրավիրված ասուլիսին Դավոյանն այս նախաձեռնությունը դիտարկեց թուրքական իշխանության՝ Եղեռնի հիշատակի օրը վերածելու Չանաքքալեի միջոցառման համատեքստում:
«Ինչ անում են թուրքերը իրենց գործն է, նրանք այդ բարոյականությունը երբեք ցույց չեն տվել և առայժմ ցույց չեն տալիս, բայց որևէ քաղաքական ուժ Ցեղասպանությունը քաղաքական կուսակցական, խմբակային, և այլն նպատակներով օգտագործելը, կարծում եմ նույն անբարոյականությունն է, որքան թուրքերի արածը»,- ասաց նա:
Գրողը հիշեցրեց օրեր առաջ ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրը, որը, ըստ նրա, ուղղված է Հայաստանի հզորացմանն ու պահանջատիրությանը:
«Այս հարցով բոլոր քաղաքական ուժերս հրաժարվում ենք գերակայության աղբից, այսինքն՝ հռչակագրով ասվում է, որ կանգնած ենք ժողովրդի կողքին և այս հայտարարությունից հետո տարբեր քաղաքական նպատակով բզբզոցները ,իմ կարծիքով, վայել չէ ոչ մի ուժի»,- ասաց նա:
Ռազմիկ Դավոյանը նշեց, որ հայ ժողովուրդն այսպիսի միասնություն դրսևորեց Արցախյան ազատամարտի ժամանակ, որը փշրվեց քաղաքական պատճառներով և ըստ նրա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը երկրորդ առիթն է համախմբվելու:
«Մինչդեռ պարզվում է կան ուժեր, որոնք մտադիր են նորից փշրելու այդ ուժը»,- ասաց նա և հույս հայտնեց, թե այդքան անհեռատես ու նեղ շահերով առաջնորդվող մարդիկ չեն լինի: Նա նաև նշեց, որ ժողովուրդը պետք է թույլ չտա:
Պատմաբան Արգամ Այվազյանը նույն կարծիքին է. «Իրավունք չունի ոչ մի ուժ հայ ժողովրդի այս կամ այն խնդիրները շահարկելու: Միասին պետք է ծրագիր ունենանք և լծվենք այդ ծրագիրն իրականացնելու»,- ասաց նա:
Պատմաբանը նշեց, թե այսօր ժողովուրդը, պետությունն ու բոլոր ճյուղերը զարմանալիորեն բաժանվել են երկու մասի՝ երկու կաթողիկոս, երկու խորհրդարան և այլն: «Մեզ պետք չեն դրանք, քանի որ հենց դրանք են ջլատում պետությունը, չի կրելի ժողովրդի ուժերը ջլատել»,-ասաց նա:
Պատմաբանը համակարծիք է՝ կոնկրետ ծրագրով պետք է իշխանափոխություն իրականացնել և խնդիրները լուծել, բայց միայն մտքի զորավարների միջոցով:










